Տիգրան Ավինյանը Կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց, որ գործադիրը դեռ մայիսի 21-ին հայտարարել է տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին: Ավինյանի խոսքով՝ այն Կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է, որի շրջանակներում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամ ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց Կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում: Նրա ներկայացմամբ՝ պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորում է ներդրողը, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ երկար քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ որոշակի փոփոխություններ են պետք ֆոնդի գործողության կանոններում:
Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որոնցում Կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին համարժեք գումարը, և ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք գումարը:
«Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, որ գումարի մի փոքր բարձր կամ ցածր լինելու դեպքում Կառավարությունը կարող է էապես ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումների առաջընթացին, և արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին»,- նշեց Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ փոփոխությամբ նախատեսվում է ֆոնդի կառավարչին ավելի մեծ ճկունություն տալ, որ ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն՝ կազմի կես միլիոնից մինչև 4 մլն դոլարի սահմաններում: Մեկ այլ փոփոխությամբ՝ Կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահմանափակ մասնակցություն, որի ժամկետը սահմանվում է 10 տարի: Դրա առաջին 5 տարում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ հաջորդ 5 տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար:
Նաև նախատեսված է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի Կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն:
8 տոկոս եկամտաբերությունը փաստացի ապահովելու դեպքում ֆոնդի կառավարիչը կստանա պարգևավճար այդ գերազանցող գումարի 10 տոկոսը կազմող գումարի չափով, և դրանք կվճարվեն փայերի մարման ժամանակահատվածում: