Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էին արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Կառավարության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանը, խորհրդում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչներ և միությունների անդամներ։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց, որոնց մի մասի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է։
Խորհուրդը նախ քննարկել է ԲԸՏՄ-ի կառավարման խորհրդում ընդգրկված՝ «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպության անդամության դադարեցման հարցը, ապա ՀՀ վարչապետին ներկայացնելու նպատակով՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Գնել Հասրաթյանի թեկնածությանը հավանություն տալու և կատարողականի գնահատման մեթոդաբանությունը հաստատելու վերաբերյալ հարցերը։
Օրակարգում էին նաև «Հայաստանի հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020-2022 թվականների՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրահավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն (մոնիթորինգ) իրականացնելու աշխատանքների կազմակերպման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծն ի գիտություն ընդունելու վերաբերյալ հարցը։
Նիստի ընթացքում քննարկվել են տեսչական մարմնի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների անհրաժեշտությունը, բյուջետային և ֆինանսական մի շարք հարցեր։
Տեսչական մարմնի աշխատանքներն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու նպատակով բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները խորհրդի կողմից ընդունվել են ի գիտություն։