Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ազդարարվել է «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։
Առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար և կսպասարկի Տավուշի սահմանապահ չորս համայնքների բնակիչներին։
Առողջության կենտրոնի հիմնանորոգումը հնարավորություն կտա սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը բարձրացնել նոր մակարդակի, անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրել անհապաղ բուժօգնություն։
Կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվելու է ներդրումային միջոցներով, կնպաստի համայնքային կյանքի և միջավայրի զարգացմանը։
«Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։