Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում են իրականացրել Գյումրու խոշոր հյուրանոցներից մեկում։ Մուտքի մոտ ջերմությունը չափելուց հետո միայն ստուգողներից վերցնում են հանձնառության թերթիկն ու տրամադրում ջերմաչափման ու ախտահանման մատյանները։
Վարդան Սրտաշյան, «Արաքս 95» հյուրանոցի տնօրեն - Սրանք նոր պահանջներ չեն, արդեն երեք ամիս կետերը մեր աշխատանքի անբաժանալի մասն են դարձել, կան հստակ պատասխանատուներ այդ կետերի, ստուգումներն ընթանում են, որևէ թերություն չկա:
Մինչ տեսչական մարմինը մանրամասն դիտարկում է սրահը, խոհանոցն ու սանհանգույցը, հյուրանոցի տնօրենը ներկայացնում է կարանտինի վնասը։ Մարտն ու ապրիլն ամենածանրն էին բիզնեսի համար, օգտվել են կառավարության աջակցության ծրագրերից, վճարել աշխատակիցներին և անտոկոս վարկեր վերցրել։
Գները և գործունեության տեսակը վերանայել են, փոքր ինչ վիճակը բարելավվել է, ամեն ինչ անում են գոյատևելու և հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։
Անահիտ Զատիկյան, ԱԱՏՄ հանձնախմբի անդամ - Բավարարից բարձր մակարդակի էր կազմակերպված, չկան պահանջներից շեղումներ, մուտքի ֆիլտրը գործում էր, թիմին ջերմաչափում արվեց:
Տեսչական մարմինն առհասարակ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի բարելավում է արձանագրում։ Պարբերական ստուգումներն արդյունավետ են, հիմա ավելի զգոն են բոլորը։
Հերթական մշտադիտարկումը Շիրակի մարզային գրադարանում է։ Մուտքի մոտ բացօթյա գրադարանը նկատելի էր, վերադարձվող գրքերը մի քանի օր պահվում են այստեղ։ Դարձյալ ջերմություն են չափում, ապա հրավիրում ներս։ Ստուգում են գրապահոցը, աշխատասենյակները, ընթերցասրահը։ Փոքրիկ թերացումներ կան։ Ջերմությունը չափել են, բայց թերթիկը լրացնելու հարցում թերացել են։
Աննա Մեհրաբյան, ԱԱՏՄ հանձնախմբի անդամ - Իրենց մոտ ջերմաչափման գրանցամատյանը չէր համապատասխանում:
Նույնը վերաբերում է տարածքի ախտահանմանը, մշտական ախտահանումը փաստաթղթերով չի երևում։ Փաստաթղթային թերացումները մի կողմ, մարզային գրադարանում էլ վիճակը գնահատվեց «բավարար»։ Գրադարանը վաղը բացօթյա միջոցառում ունի, խոստացան, որ հրավիրվածները 20-ից շատ չեն լինի։