Մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը հետաձգվեց:
Սերժ Սարգսյանը չէր ներկայացել դատարան: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, ըստ որի, երեկվանից Սարգսյանի առողջական վիճակը լավ չէ, ցուցված է տնային պայմաններում խնամքի ռեժիմ:
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը փաստաթղթին ծանոթանալուց հետո կարծիք հայտնեց, որ ողջամտորեն հիմքեր կան ենթադրելու՝ ամբաստանյալն այսօր հնարավորություն ուներ ներկայանալու դատական նիստին: «Փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ՝ այսօր ջերմաստիճան ունեցել է, թե իջել է, օբյեկտիվորեն ամբաստանյալը հնարավորություն ունեցել է մասնակցելու դատական նիստին, թե չի ունեցել, որովհետև սա շատ էական նշանակություն ունի՝ ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և նրա խափանման միջոցը փոխելու հարցին անդրադառնալու»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ եթե ամեն դատական նիստից առաջ ամբաստանյալի ինքնազգացողության վերաբերյալ ներկայացվեն նման փաստաթղթեր, դատական նիստերը կձգձգվեն, կխախտվի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը:
Հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը ներկա չէր նաև օգոստոսի 6-ի դատական նիստին. այն ժամանակ էլ նրա պաշտպանն ասել էր, թե Սարգսյանին ուղեկցելու հետ կապված խնդիրներ են առաջացել: Սակայն դատավորն ամբաստանյալի բացակայությունը համարել էր անհարգելի:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանն ու գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը: