Թագավարակի տարածման պայմաններում մինչև աշակերտները ոտք կդնեն դասարան, դպրոցներում այժմ ակտիվ նախապատրաստվում են։ Ուղեցույցով, կետ առ կետ անցնում են բոլոր պահանջներով, որ մաքսիմալ անվտանգ միջավայր ստեղծեն։
Կողք կողքի նստելու մշակույթն էլ է փոխվելու, շախմատաձև մոդելն է ընտրվել, աշակերտներն էլ կիսվելու են խմբերի՝ օրը մեջ դասի կգան։ Վարուժանի անվան դպրոցում դասարանները հիմնականում 35 հոգանոց են, տնօրենն ասում է՝ երկու խմբի բաժանալու պահանջը կատարելու համար դասասենյակի են վերածել բոլոր հնարավոր անկյունները։ Միջանցքը, գրադարանը, անգամ դահլիճը։ Ասլանյանը կատակում է՝ այս մի դասարանի բախտը բերել է։
Սեպտեմբերի 15-ին էլ իր երկրորդցիներին կդիմավորի ընկեր Լիլիան։ Դասղեկն առայժմ չի պատկերացնում, թե ինչպես է հորդորելու 7 տարեկան փոքրիկներին դպրոցում դիմակ դնել, բայց գիտի ինչպես անել, որ դասամիջոցին երեխաները չձանձրանան։
Տարրական դասարանի աշակերտների ծնողներն են մտահոգված, դեմ են երեխայի՝ դիմակով դասի նստելու պարտադիր պահանջին, տնօրենն անհանգստությունը փոխանցել է նախարարությանը, հույս ունի՝ 1-3-րդ դասարանցիներ համար որոշումը միգուցե վերանայվի։ Ոլորտի պատասխանատու փոխնախարարը, սակայն, ասում է՝ դիմակ դնելն ու դասամիջոցին դասարանում մնալն ինքնանպատակ չեն, այսպես վարակի հավանական դեպքերը վերահսկելն ավելի կհեշտանա։
Դպրոց մտնելուց էլ կչափեն աշակերտների ջերմությունը, իսկ եթե մեկը 37-ից բարձր ջերմություն ունենա, ուղիղ մեկուսարան կտեղափոխվի, դպրոցում նման սենյակ ունենալու պահաջն էլ բերեց Քովիդ-19-ը։ փոխնախարարն արձագանքում է նաև ծնողների դժգոհությանը, թե դիմակով, ակոգելով երեխային դպրոց ուղարկելը լրացուցիչ ծախս է։
Անդրեասյանի խոսքով՝ դպրոցն իր խնայողությունների հաշվին կփորձի լուծել պաշտպանիչ միջոցների հարցը։ Վստահ է, եթե ծնող-աշակերտ-դպրոց կապը համահունչ լինի, հեռավար դասերին վերադառնալու կարիք չի լինի։ 390 հազարանոց աշակերտական համայնքի համար սա վերջին ու ոչ լավագույն լուծումն է։