ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է վերաբաշխում կատարել 2020 թվականի պետբյուջեում: Վերաբաշխման անհրաժեշտությունը բխում է ոստիկանությունում նոր ձևավորվող Պարեկային ծառայությանն անհրաժեշտ 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ոստիկանությանը գումար հատկացնելու նպատակից:
Ոստիկանության պետը հավելեց, որ նոյեմբերի 1-ին 10 մեքենա արդեն Հայաստանում կլինի, իսկ 140-ը՝ դեկտեմբերի 20-ին:
Մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ՝ Պարեկային ծառայության ներդրման բարեփոխման ընթացքի մասին մանրամասնեց Ռուստամ Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ արդեն իրականացվել է դասախոսների մրցութային կարգի ընտրություն, և սպասվում է հոկտեմբերից մեկնարկող 5-ամսյա դասընթացի փուլ: Մեկ տեղի համար մրցում է մոտ երեք անձ, ընդ որում՝ մեծ մասը կազմում են քաղաքացիական անձինք:
«Հիմա արդեն մեկնարկում ենք մրցույթը, որ ընտրություն կատարենք 770 հոգու համար, 5-ամսյա դասընթացից հետո 2021-ի առաջին եռամսյակի ավարտին 700-հոգանոց կազմով պարեկային ծառայությունը պատրաստ կլինի մեկնարկելու: Այնուհետև նույն ընթացակարգերով և ավելի զարգացնելով ներդրված մեխանիզմները՝ պարեկային ծառայությունը կտարածվի փուլ-փուլ ողջ հանրապետության տարածքում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ծառայությունը կունենա նաև նոր զենքի տեսակ, որը նախատեսվում է ձեռք բերել աշնան ընթացքում, և գործնական պարապմունքների ընթացքում կամրապնդվեն կիրառման հմտությունները: