Գեղամ Գևորգյանը պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրի: Անհիմն մեղադրանքներ շատ է լսել, բացի այդ, սխալ է համարում ռեկտորի ընտրությունը, պաշտոնը պետք է լինի նշանակովի:
Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի, եթե նույնիսկ նոր մրցույթ լինի:
Ռեկտորի աթոռը չի ցանկանում՝ շատ են քննարկում իր նշանակման հարցը: Դատական հայց կա, ըստ որի նա ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել ապօրինի: Գեղամ Գևորգյանը 2017 թվականից բանկերից մեկի խորհրդի անդամ է, 2019-ից՝ նույն բանկի խորհրդի նախագահի տեղակալ։ Ըստ հայցի՝ հիմնադրամների մասին օրենքի 27-րդ կետով սահմանվում է. եթե ԵՊՀ ռեկտորը կամ պաշտոնակատարը զբաղեցնում է այլ՝ վճարովի պաշտոն, ապա նա պետք է տեղյակ պահի հոգաբարձուների խորհրդին:
Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Ես չեմ իմացել, չեմ հայտարարել, ընդհանրապես ես հայտարարելու սովորություն չունեմ, թե ինչ ունեմ կամ ինչ չունեմ:
22 դատական հայց կա համալսարանի դեմ: Ռեկտորի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ մեծ թիվ չէ, դրանց մի մասն իր դեմ է: Գեղամ Գևորգյանն ասաց՝ մոտ 30 հայց էլ իրենք են ներկայացրել՝ կապված «Պատիվ ունեմ» ծրագրով դիմորդների հետ, որոնք դուրս էին մնացել: Բայց կան նաև, Գևորգյանի ձևակերպմամբ, զավեշտալի դատեր: Օրինակ՝ աշխատանքից ազատվել է, ժամանակին ստացել է ծանուցում: Բայց դատի է տվել՝ պատճառաբանելով.
Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Ծանուցում չի ստացել, որ ընդունվել է աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել է, չի հարցրել՝ ինչո՞ւ է այդ գումարն ստանում:
Ինչո՞ւ են համալսարանում բարձրացել վարձավճարները: Գումարի չափը գրեթե միաձայն որոշվել է դեռևս այս տարվա մարտին՝ գիտխորհրդի նիստում: Գևորգյանի խոսքով` մտավախություն կար, որ դիմորդների թիվը կնվազի: Բայց մայիսին 4060 դիմում է եղել, նրանց մեծ մասը դիմել է ամենաթանկ ֆակուլտետները: Բացի այդ, տարիներ շարունակ 20-50 տոկոսի չափով տրամադրում են զեղչեր, որոշ դեպքերում՝ մինչև 100 տոկոս:
Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն, մեր բոլոր մասնագիտություններով կան առաջարկներ՝ էժան ու թանկ, եթե ընտրել են այս գնով այս ծառայությունները, ուրեմն ձեռք է տալիս:
Երբ պարզ կդառնա համալսարանի ռեկտորի անունը: Հոգաբարձուների խորհուրդը դիմել է արդարադատության նախարարությանն ու համալսարանի իրավաբանական ֆակուլտետին: Թեկնածուներին հաստատել էր հոգաբարձուների նախորդ խորհուրդը: Պետք է պարզել՝ որ մոտեցումն է իրավաչափ՝ հայտարարել նոր, թե՞ շարունակել արդեն սկսված մրցույթը: Թեկնածուներն այս պահին 5-ն են: