Տարիներ շարունակ Հանրայինի հեռուստադիտողներն անհամբեր սպասում էին երկուշաբթի երեկոներին՝ հեռուստաթատրոնի թողարկումներին:
Նարեկ Դուրյան, Հեռուստաթատրոնի ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար - Հիշում եմ՝ ուսանող էի: Ինչպիսի նախանձով էինք նայում. առավոտյան 9:00-ին Հանրայինի ավտոբուսն էր գնում Պրոսպեկտի վրայով: Դերասանները կանգնած, մենք՝ ուսանող, ասում էինք՝ վայ կլինի մի օր մենք էլ բարձրանաք, գնանք:
Այդ օրն էլ եկավ: Քանի որ կորոնավիրուսի համավարակը մի քանի ամիս հանդիսատեսին զրկեց թատրոնից, արվեստի բացը լրացնելու մասին հոգացին Հանրային հեռուստաընկերությունում: 2020-ի աշնանային եթերաշրջանում մեծ դադարից հետո հեռուստաթատրոնը վերադառնում է Հանրայինի եթեր:
Նարեկ Դուրյան, Հեռուստաթատրոնի ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար - Որոշեցինք վերցնել դասականներին: Կոմեդիա, որովհետև ես միշտ համարել եմ, որ դա շատ ավելի դժվար է ներկայացնել: 21-րդ դարում մարդկանց ստիպել ծիծաղել, դա շատ դժվար երևույթ է:
Թատրոնն էկրաններից վայելելու հնարավորություն հեռուստադիտողը կունենա 16 անգամ: Յուրաքանչյուր մաս հիմնված կլինի մեկ ստեղծագործության վրա: Կբեմադրվեն Պարոնյանի, Զորյանի, Խանզադյանի ստեղծագործությունները: Որոշներն էլ կլինեն արևմտահայերենով: Փոփոխություն կա նաև ձևաչափում: Հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել ոչ միայն բեմում տեղի ունեցող իրադարձությունները:
Նարեկ Դուրյան, Հեռուստաթատրոնի ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար - Որոշեցինք, որ երեք տեղ միաժամանակ կատարվի գործողությունը: Տեսնենք գրիմանոցում ինչ է կատարվում, տաղավարում, բեմում... Այս սինթեզը որքանով է լավ ստացվել, հանդիսատեսը կտեսնի:
Թատերասեր փոքրիկներին էլ ուրախացնելու կգա Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող ՝ «Դասարան-դասական» հաղորդաշարը:
Նոր եթերաշրջանում եթեր կվերադառնա «Դու գիտես» ինտելեկտուալ հաղորդաշարը՝ հնարավորություն տալով մարզերի, Երևանի ու Արցախի դպրոցականներին ցույց տալու իրենց գիտելիքները: Ձևաչափի առումով որևէ փոփոխության նախագիծը չի ենթարկվել, սակայն նորություն կա:
Վահե Խանամիրյան, «Դու գիտես» հաղորդման վարող - Նոր եթերաշրջանում, ի ուրախություն ինձ, ես եթերում կլինեմ «Դու գիտես» նախագծով, որը բավականին հայտնի նախագիծ է Հանրայինի եթերում: Ավետ Բարսեղյանը մի քանի եթերաշրջան փայուն անցկացրել է այս նախագիծը, և հիմա ես ունեմ հնարավորություն շարունակելու Ավետի գործը Հանրայինի եթերում:
Անակնկալները դպրոցական տարիքի հեռուստադիտողի համար այսքանով չեն սպառվում: Դասերից հետո տուն վերադարձող փոքրիկներին Առաջին ալիքի եթերում կողջունի նոր՝ «Դասերից հետո» հաղորդաշարը:
Աննա Գալստյան, «Դասերից հետո» հաղորդաշարի պրոդյուսեր - Քանի որ եթեր է հեռարձակվում ժամը 14.00-ին՝ ճիշտ դասերից հետո, երեխաները կարող են տուն գալ, մի փոքր հաց ուտել, արդեն կարելի է նայել հաղորդումը: Թեմատիկան լինելու է նորություններ երեխաների համար: Նախ՝ կրթական, երկրորդը՝ ժամանցային:
Հաղորդումը բաղկացած է լինելու երեք բաժնից: Առաջին բաժնում փոքրիկ հեռուստադիտողին կներկայացվի հայ մեծերի մասին, բայց յուրահատուկ կերպով:
Աննա Գալստյան, «Դասերից հետո» հաղորդաշարի պրոդյուսեր - Որպեսզի երեխաների համար դա հետաքրքիր լինի, մենք դա կանենք կոմիքսների ձևով: Այսինքն՝ երեխաներն իմանալու են այդ փոքրիկ պատմությունները մեծ մարդկանց մասին կոմիքսների միջոցով:
Հաղորդման երկրորդ բաժնում անդրադարձ կլինի տեղեկատվական տեխնոլոգիաներին: Իսկ վերջին՝ երրորդ հատվածն էլ նվիրված կլինի տաղանդավոր երեխաների բացահայտմանը: Մշակութային, գիտակրթական ու ինտելեկտուալ, ուսուցողական ու զարգացնող հաղորդումների պակաս սեպտեմբերի 7-ից մեկնարկող նոր եթերաշրջանում Առաջինի հեռուստադիտողը չի զգա: