Երկնքի ու Օպերայի խաչմերուկում սեպտեմբերի 5-ին կհնչեն ռուսական, հայկական նեապոլիտանական մեղեդիներ: Եթերային ռոմանսները հանդիսատեսին ներկայացնելու վերջին փորձերն են:
Ծանր արիաներ չեն լինի, մինչև բացօթյա համերգներին տեխնիկապես ավելի պատրաստ լինեն: Փորձերին էլ սոցիալական հեռավորությամբ են:
Համերգի երաժշտական ղեկավարն ասում է` համավարակի հետևանքով շատ ծրագրեր չիրականացան, բայց հանդիսատեսի հետ օնլայն կապի մեջ են եղել, հարգանքի տուրք մատուցել նաև Լիբանանի պայթյունի զոհերի հիշատակին: Ակտիվ հյուրախաղերից հետո հիմա արտիստները հայրենիքում են, բաց երկնքի տակ համերգի ճիշտ ժամանակն է, այս փորձն էլ նրանց համար նոր չէ:
Առաջին անգամ նվագախմբով կլինեն օպերայի պատշգամբում: Սեպտեմբերի 12-ին էլ Սեր երկնային խորագրով բացօթյա գալա համերգն է, Անկախությանը նվիրված տոնական համերգը Զվարթնոցի տաճարի տարածքում:
Կես տարվա լռությունից հետո հանդիսատեսի հետ առաջին անգամ կհանդիպեն նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: Համավարակի ընթացքում՝ բուժաշխատողին նվիրված համերգներից մինչև միջազգային առցանց փառատոն. հիմա գեղարվեստական նոր ծրագրով, մշակումներով ու նոր ձևաչափով կընդունեն հանդիսատեսին:
Վերջին փորձերն են, ապա, սեպտեմբերի 5-ին, դարձյալ բացօթյա Կոմիտասի՝ Խրիմյան Հայրիկին նվիրված ստեղծագործություններ կհնչեն, նաև Էդգար Հովհաննիսյանի Տերյանական շարքերն ու ոչ միայն:
Այսպես, սեպտմեբերի 5-ին` ժամը 20:30-ին, Կամերային երաժշտության այգում և նույն օրը` երեկոյան ժամը 19:00-ին, Օպերայի պատշգամբում երաժշտական ճանապարհորդություն է, այս անգամ պայմանով՝ տոմսերի հետ նաև պարտադիր է դիմակը: