Շտապօգնության 21 ամենագնաց ՈՒԱԶ մեքենա՝ մարզային բուժկենտրոններին: Համավարակը մի կողմից, շտապ բուժօգնության ծառայությունների մատուցման դժվարություններն էլ՝ մյուս, հատկապես լեռնային համայնքներում: Պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված մեքենաներն առողջապահության նախարարությունն առաջարկեց նվիրաբերել մարզերին՝ պարտադիր պայմանով՝ մեքենաները պետք է օգտագործվեն բացառապես բժշկական օգնության ծառայության մատուցման նպատակով
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրականդիրքով։ Միայն Տավուշի մարզին՝ 5 մեքենա, Սյունիքին՝ 3:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ բյուջեում վերաբաշխումների հաշվին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մասնագետները կշարունակեն օգտվել հակաճգնաժամային 17-րդ միջոցառումից:
«Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար նախատեսված 888 մլն դրամն ամբողջությամբ կուղղվի IT ոլորտի դրամաշնորհներին: Գաղափարն ու արտադրությունը գյուղատնտեսության ոլորտին վերաբերեն թե կրթությանը՝ սահմանափակում չկա: Դրամաշնորհներ կտրվեն երեք ծրագրով՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման սկզբունքով:
Գոռ Մելիքյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Նորարարական դրամաշնորհները նախատեսված են այն ընկերությունների համար, որոնք ՀՀ-ում գրանցվել են վերջին 2 տարվա ընթացքում և ունեն պրոդուկտներ ստեղծելու գաղափարներ: Կայացած ընկերությունների համար դրամաշնորհ՝ այն ընկերություններին, որոնք 2 տարուց ավելի են գործում Հայաստանում, մատուցում են ծառայություններ և պատրաստ են ստեղծել պրոդուկտներ: Համաֆինանսավորման դրամաշնորհը նախատեսված է այն նորարարական ինժեներական ընկերությունների համար, ովքեր ներգրավել են ներդրումներ, և մենք ֆինանսավորում ենք 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ:
Գործադիրը փոփոխություններ կատարեց մայիսին ընդունված հակաճգնաժամային մեկ այլ որոշման մեջ, որի համաձայն Կառավարությունը պարտավորվել էր մինչև 50 մլրդ դրամով աջակցել մասնավոր հատվածի ներդրումային նախաձեռնություններին: Սա այս ընթացքում Կառավարության ընդունած ամենամեծ աջակցության ծրագրերից էր, բայց վերջին ամիսների քննարկումներն ու փորձը ցույց են տվել, որ ծրագրի որոշ սահմանափակումներ բազմաթիվ դեպքերում խանգարել են ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Համապատասխանաբար, այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն կազմի կես մլն դոլարից մինչև 4 մլն դոլարի սահմաններում:
Պարզվել է՝ խանգարող հանգամանք է նաև «նոր մեկնարկող ծրագիր» եզրույթը: Եղել են դեպքեր, երբ գործարարն արդեն որոշ ներդրումներ արել էր՝ մեկնարկի համար, հետո կանգնել դժվարությունների առաջ:
Տիգրան Խաչատրյան - Կառավարությունը որոշեց, որ պետք է կառավարչին թույլ տա նաև մասնակցել այդպիսի ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին:
Ի դեպ, ցանկացած ծրագրի, կառավարության, պաշտոնյայի գործունեության, տնտեսական, սոցիալական, քաղաքական կամ այլ ոլորտներին վերաբերող գործող իրավակարգավորումների կամ կատարելագործման մասին իրենց առաջարկությունները քաղաքացիները կարող են ներկայացնել նոր գործարկված էլեկտրոնային հարթակում՝ epetition.am կամ հանրագիր.հայ:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:
Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է: Փոխվարչապետը վստահեցրեց, որ Կառավարությունը հետևողական է լինելու այս հարթակում ներկայացվող հարցերին: Ի դեպ, Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: 2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն՝ 193 երկրների շարքում զբաղեցրել է 68-րդ տեղը՝ բարելավելով դիրքը 19 կետով: