Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնում է, որ մարզպետարանում հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը:
«Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և, հնարավոր է, մթերման հետ կապված խնդիրներ առաջանան: Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա:
Այսօր առավոտյան մարզի խաղողագործները կարճ ժամանակով փակել էին ճանապարհը։ Ես անմիջապես գնացել եմ բողոքի ակցիայի անցկացման վայր, խաղողագործների հետ պայմանավորվեցինք, որ այսօր, ժամը 15։00-ին հանդիպենք մարզպետարանում, որտեղ կլինեն նաև խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչները և նրանց հետ կքննարկենք խաղողագործներին մտահոգող հարցերը:
Հանդիպումը, ինչպես և խոստացել էի, կայացավ, այն անցավ փոխըմբռնման մթնոլորտում և խաղողագործներն ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը: