Խաղողի մթերման գինը չի գոհացնում խաղողագործներին: Փոքր Վեդիում նրանք ճանապարհ էին փակել՝ նեղսրտելով ունեցած վարկերից: Խնդրին արդարացի լուծում տալ է խոստացել Արարատի մարզպետը:
Մթերումից առաջ խաղողագործները երկու հարցի լուծում են ակնկալում՝ չլինի ցածր գին և ընկերությունները չնվազեցնեն ծավալներն ու չխզեն պայմանագրերը: Գարնանը վերցրել են վարկեր, ստացել ցանկալի բերքը: Բայց մթերման գնով հազիվ թե վարկերը փակեն, պնդում են՝ 130 դրամը շատ քիչ է:
Անցած տարի, օրինակ, խաղողը մթերել են 160 դրամով, գոհ են եղել թե խաղողագործները, թե մթերողները: Ինքնարժեքն իրենց վրա նստում է 120 դրամ, 10-ը դրամի համար այգի մտնելն անիմաստ է: Պարզ հաշվարկ են ներկայացնում՝ 6000 մետր խաղողի այգում մինչև բերքի հասնելը ծախսել են 2 մլն դրամ: Ստացել են 20 տոննա խաղող, մթերման գնով եկամուտ չկա:
Գիտեն՝ համավարակի պատճառով խնդիրներ ունեն նաև մթերողները, բայց ուզում են ընդհանուր հայտարարի գալ, սահմանել հարմար գին: Աշոտ Արամյանի դեպքում մեկ այլ խնդիր էլ կա, գարնանը պայմանագիր է կնքել, հիմա չեղարկել են՝ պատճառաբանելով, որ հաջորդ տարի նորից կկնքեն:
400 հազար դրամ միայն բուժանյութի է տվել, բերքից էլ դժգոհ չէ: Դեռ նորից վարկ պետք է վերցնի՝ խաղողաքաղի համար, աշխատողներին անցած տարի օրական վճարում էր 3500 դրամ, այս տարի` 7000:
Մարզպետն առաջարկել էր հանդիպել մարզպետարանում՝ մթերողների հետ քննարկել հարցերը նախապես:
Գնից բացի, չեն հասկանում՝ ինչու են մթերողները որոշել նախապես կնքված պայմանագրից 50 տոկոս պակաս ընդունել: Ի՞նչ են անելու մնացած բերքի հետ: Մթերողն ասաց՝ պայմանագրերը կպահպանվեն, կստուգեն շաքարայնությունը. եթե լինի 17 տոկոսից բարձր՝ կգնեն 155 դրամով: Բայց մեծ ծավալով մթերում դժվար թե լինի:
Գները որոշում են վերամշակողները: Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով` որոշները սահմանում են՝ 135, որոշները 150 դրամ: Մի մասն էլ այլ քաղաքականություն են որդեգրել՝ կախված շաքարայնությունից՝ 20 տոկոսի դեպքում 140, դրանից բարձր՝ 150 դրամ:
Մթերող ընկերությունների ներկայացուցիչներն ասացին՝ կփորձեն հնարավորինս կշեռքի սլաքն աշխատեցնել հօգուտ խաղողագործների: Իսկ Սարգիս Եդիգարյանը խնդրում է գոնե մթերման պայմանագիր կնքեն՝ 40 տոնա խաղող ունի, քիչ առաջ էլ հաղորդագրություն է ստացել՝ վարկի մարման օրն է, դեռ չի վճարել: