Արևելյան Միջերկրականում հունական ափերի մոտ Թուրքիայի կողմից կատարվող անօրինական հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ հույն-թուրքական հարաբերությունները` գրում է Ermenihaber-ը:
Սեպտեմբերի 24-25-ը տեղի է ունենալու Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակներում հերթական անգամ քննարկվելու են Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունները:
Թեմայի վերաբերյալ հունական Alpha հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սկինասը: Վերջինս հայտարարել է, որ եթե մինչև գագաթնաժողովն այս հարցը չլուծվի, ապա հնարավոր է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվեն:
Սկինասի խոսքով՝ իրենք վերջին հնարավորությունն են տալիս Թուրքիային Արևելյան Միջերկրականում ստեղծված խնդրի լուծման համար:
Ավելացնենք, որ օգոստոսի 27-28-ը տեղի ունեցած ԵՄ նախորդ գագաթնաժողովին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր Թուրքիայի դեմ ձեռնարկվելիք քայլերի, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցների մասին: