ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև 2 ամսով հետաձգեց Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթի քննարկումը:
Հիմնական զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախագծի հետ կապված լրացուցիչ աշխատանքների կարիք կա:
Նախագծով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Առաջարկվում է նաև բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն։
Իսկ նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի փոփոխություններով դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները, կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: