Դիտավանում և Ազատամուտում կոռոգվի լրացուցիչ 60 հա հողատարածք, անկախությունից հետո առաջին անգամ հիմնանորոգվում է Դիտավան-Ազատամուտ ջրանցքը: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
«Տավուշի զարգացման մեջ կարևորագույն նշանակություն ունեն ոռոգման ծրագրերը: Հիմնանորոգվող 2 կմ երկարությամբ ջրանցքը ոռոգելի կդարձնի 60 հա տարածք, իսկ հետագայում՝ ևս 60 հա:
Ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Տավուշի մարզպետարանի և Կամրջակ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Տավուշի ջրօգտագործողների ընկերության և համայնքի մասնակցությամբ:
Արդյունքում` կստեղծվի 120 հա այգի, որը տարեկան կարող է ապահովել առնվազն 200 մլն դրամի եկամուտ համայնքի բնակիչներին»,- գրված է հայտարարությունում:
«Մեր գետերը պետք է սնեն Հայաստանի՜ հողերը, հարստացնեն մե՜ր ժողովրդին, ապահովեն մե՜ր անվտանգությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: