Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են ԱՀԿ-ին հատկացվելիք 62 մլն դոլար գումարն ուղղել ՄԱԿ-ի առողջապահական այլ ծրագրերին: Թրամփի վարչակազմի որոշման մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Թեմային է անդրադարձել The New York Times պարբերականը:
Պարբերականը գրում է, որ գումարի հիմնական մասը կուղղվի երեխաների իմունային համակարգի ամրապնդմանն ու գրիպի հետազոտությանն ուղղված ծրագրերին:
ՄԱԿ-ի անդամները պարտավոր են կազմակերպությունից դուրս գալու դեպքում այդ մասին տեղեկացնել մեկ տարի առաջ և վճարել մեկ տարվա անդամավճարը: Միացյալ Նահանգները տարիներ շարունակ եղել է գործակալության ամենամեծ աջակիցը՝ վճարելով ԱՀԿ-ի ամբողջ բյուջեի 22 տոկոսը, որը կազմում է մոտ 120 մլն դոլար: Այս տարի Վաշինգտոնն արդեն վճարել է 58 մլն դոլար: