Մալթայի ոստիկանությունը նոր փաստեր է գտել մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Գալիցիայի սպանության մասին: Հայտնի է դարձել, որ Գալիցիային սպանել են ոչ թե արդեն հրապարակված տեղեկությունների, այլ ձեռքի տակ եղած նոր փաստաթղթերի համար:
2017-ի հոկտեմբերի 16-ին մալթացի լրագրողի դաժան սպանությունը աղմուկ առաջացրեց ոչ միայն լրագրողական հանրության, այլև քաղաքական գործիչների շրջանում: Դաֆնե Կարուանա Գալիցիայի մեքենան պայթեցվել էր շարժվելուց վայրկյաններ անց՝ խոշոր կոռուպցիայի մասին նրա հոդվածի հրապարակումից 1 օր առաջ: Իսկ հոդվածը պատմելու էր Մալթայի և Ադրբեջանի իշխանության խոհանոցային գործարքների մասին: Լրագրողի սպանությունը առաջին հերթին ցնցեց Մալթայի կառավարության հիմքերը՝ ստիպելով հրաժարականի դիմումների շարք սկսել: Բանն այն է, որ Դաֆնե Գալիցիան բացահայտել էր, թե ինչպես են ադրբեջանական նավթադոլարները հայտնվում Մալթայում և այլ անվան տակ հասնում Պանամայի ու Վիրջինյան կղզիների օֆշորային գոտիներ: Իլհամ Ալիևի անունը այդ բացահայտումներում ամենաշահարկվողն էր:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ընտանիքը և օլիգարխները հաշիվներ են ունեցել Մալթայի Pilatus Bank-ում, սերտ կապեր է ունեցել Մալթայի բարձրագույն իշխանության, այդ թվում՝ վարչապետ Ժոզեֆ Մուսկատի և կղզիներում նրա գործընկերների հետ: Դա հնարավորություն էր տվել հասանելի դառնալ «Էլեկտրոգազ» նախագծին, որի ակցիաների մի մասը պատկանում է ադրբեջանական պետական նավթային ընկերությանը»,- գրել էր Malta Today պարբերականի հոդվածագիր Մեթյու Վելլան (Matthew Vella):
Մալթացի լրագրողի սպանությունից հետո ոտքի կանգնեցին բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ՝ պահանջելով իրականացնել օբյեկտիվ հետաքննություն: Արդյունքում կալանավորվեց գործարար Յորգեն Ֆենեկը (Yorgen Fenech), սակայն լրագրողի սպանության հետքերը այլ ուղղությամբ էին տանում: 2020-ի հունվարին հրաժարական տվեց Մալթայի վարչապետը՝ խոստովանելով, որ ի զորու չէ ամբողջությամբ բացել գործի կծիկը: Իսկ այն բացվեց օգոստոսի 31-ին, երբ նոր կառավարության ղեկավարությունը հայտարարեց՝ Դաֆնե Գալիցիայի սպանությունը եղել է «Էլեկտրոգազ» նախագծի մութ կետերը չբացելու համար:
«2017-ին Դաֆնե Կարուանա Գալիցիան ստացել է էներգետիկ ընկերության բազայի 600 հազար էլեկտրոնային նամակ, որոնք մասնակիորեն պատկանում են Յորգեն Ֆենեկին: Նա սպանության գլխավոր կասկածյալն է և «Էլեկտրոգազ» ընկերության ղեկավարը՝ ունենալով արտոնյալ եկամուտներ Մալթայի էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Վկան ցուցմունքի ժամանակ ասել է, որ լրագրողի սպանությունից առաջ Յորգեն Ֆենեկի տանը տեսել է Ադրբեջանի նավթային ընկերության ներկայացուցիչ Թուրաբ Մուսաևին»,- գրել է բրիտանական «The Guardian»-ը:
Թուրաբ Մուսաևը (Turab Musayev) Ադրբեջանի նախագահի մերձավոր շրջապատից է, հենց նրա միջոցով է Ալիևների ընտանիքն իրականացնում իր սև գործերը՝ այդ թվում կոռուպցիոն փողերը հասցեատերերին հասցնելու համար: «Ադրբեջանական լվացքատուն» հոդվածաշարի համար սպանված մալթացի լրագրողին 2017-ի աշնանը հաջորդելու էր բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևան, սակայն նա հասցրեց թաքնվել և փրկել կյանքը՝ շարունակելով բացահայտել ադրբեջանական իշխանության միջազգային հանցագործությունների շղթան:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան