Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում Կառավարության որոշմամբ կհատկացվի 888 մլն դրամ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը Կառավարության նիստում ներկայացրեց պետբյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը:
«Առկա իրավիճակում անհրաժեշտություն էր առաջացել նախարարության մի շարք ծրագրեր վերափոխել և իրավիճակին հարմարեցնել: Այդ պատճառով Կառավարության այս տարվա պետբյուջեով հաստատված «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար նախատեսված առկա ողջ չօգտագործված 888 միլիոն դրամի գումարը տվյալ որոշմամբ նախատեսվում է ուղղել 17-րդ միջոցառման իրականացմանը»,- նշեց Մելիքյանը՝ հիշեցնելով՝ միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից: