Այսօր Ֆրանսիայում սկսվել է 2015-ի ահաբեկչությունների գործով դատավարությունը՝ հայտնում է Reuters-ը: 5 տարի առաջ հարձակումներ կատարվեցին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության և Փարիզի արևելքում գտնվող կոշերային մթերքի խանութի վրա: Արդյունքում զոհվեց 17 մարդ:
Դատարանը քննում է 14 կասկածյալի գործերը, որոնցից երեքը դեռ խուսափում է արդարադատությունից: Նրանց մեղադրում են հիմնականում ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Իսկ բռնությունների անմիջական կատարողները վնասազերծվեցին հատուկջոկատայինների կողմից հարձակումներից անմիջապես հետո:
Գործընթացը համարվում է «արդարադատության պատմությանը հետաքրքրող իրադարձություն», ուստի բոլոր նիստերն առաջին անգամ տեսագրվելու են: Տասնյակ լրագրողներ լուսաբանելու են խոսքի ազատության վերաբերյալ գործի առաջընթացը: Ակնկալվում է, որ լսումները կավարտվեն նոյեմբերի 9-ին: