ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որը նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների զարգացմանը՝ սեփական ներուժով տեղական նշանակության խնդիրներին լուծում տալու համար:
Վերը նշված ծրագրի ներքո իրականացվում է Կոտայքի մարզի Եղվարդ միավորված համայնքի «Գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում» ենթածրագիրը, որի շնորհիվ համայնքը ստացել է թրթուրավոր բուլդոզեր՝ տասներորդ քարշակ դասի, խորքային փխրեցուցիչով։ Տեխնիկան տրամադրվել է ըստ համայնքի ներկայացրած հայտի։
Եղվարդի Բուժական բնակավայրում, օրինակ, այն խիստ հարկավոր է հատկապես ձմռանը, քանի որ առատ տեղումներից հետո ճանապարհները հնարավոր է լինում անցանելի դարձնել բացառապես թրթուրավոր տեխնիկայով: Բուլդոզերը ինտեսնիվ կշահագործվի նաև ճանապարհների հարթեցման, ջրահեռացման, և այլ աշխատանքներում։
Տեխնիկայի ձեռքբերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 56 միլիոն 150 հազար դրամ, հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից: