Եթե առաջիկա կիրակի Թուրքիայում նախագահական ընտրություններ տեղի ունենան, Ստամբուլի ու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը կարող են առաջ անցնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Avrasya սոցիոլոգիական ընկերության օգոստոս ամսվա հարցումները:
Ըստ տվյալների՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Իմամօղլուն նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում կհավաքեր 43.7% ձայն, իսկ Էրդողանը՝ 40.8%: Նույն ԺՀԿ-ի կողմից առաջադրված Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին պատրաստ է ձայնը տալ հարցվածների 41.1%-ը: Չկողմնորոշվածները կազմում են 15%:
Հարցման տվյալներով, առաջադրվելու դեպքում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է ստանալ մինչև 33.2%, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը՝ 35.2%, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ 32.1% ձայն: