Ե՞րբ են սկսելու կրկին աշխատել մարզադպրոցները։ Սա մարզաշխարհին հուզող գլխավոր հարցերի թվում է։ Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ պարետատան նիստի ժամանակ որոշվել է սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Մարզաշխարհի ներկայացուցիչները սպասում են նմանատիպ որոշման արդեն մարզադպրոցների համար։ Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանը գրություն է ուղարկել պարետատուն ու բարձրացրել մարզադպրոցների աշխատանքների վերսկսման հարցը։
Կրթական հաստատություններում ծրագրի վերսկսման որոշումը ոգևորել էր մարզադպրոցների ղեկավարներին: Միաժամանակ, բոլորի համար հարցական է մնում, թե ինչո՞ւ մարզադպրոցները ևս չեն ներառվել ցանկում: Ըստ էության, նրանց մասով ընդունվելու է լրացուցիչ որոշում: Այդ ընթացքում մարզադպրոցները ծալած ձեռքերով չեն նստել: Երևանի գեղասահքի մարզադպրոցը միակն է, ով գնել ու տեղադրել է ավտոմատացված ախտահանող հատուկ սարք: Նրանք պատրաստ են ընդունելու իրենց բոլոր սաներին ու պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Կորոնավիրուսային դադարի ընթացքում սպասվածից շատ են բռնցքամարտով զբաղվել ցանկացողները: Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանը վստահեցնում է, որ սպասում են ոչ միայն իրենց սաներին, այլև բոլոր ցանկացողներին: Մարզադպրոցն արդեն երկու ամիս է, ինչ աշխատում է հատուկ պայմանների պահպանմամբ, քանի որ այնտեղ են մարզվում հավաքական թիմերի բազմաթիվ ներկայացուցիչներ:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջին իսկ դրական տեղաշարժերից հետո վերսկսել է պրոֆեսիոնալ թիմերի մարզումները: Ամբողջ թափով ընթացքի մեջ է արդեն նաև ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Սեպտեմբերին «Ուրարտու» ակումբում սպասում են նաև մանկապետանեկան թիմերում նոր համալրումներ՝ հայտարարվելու է ընդունելություն:
Ստեղծված անորոշ պայմաններում բոլոր մարզական հաստատությունները մեկ օր շուտ ակնկալում են վերջնական որոշումներ: Մարզաշխարհի ներկայացուցիչները, մանկապատանեկան խմբերի ապագա մարզիկներն ու նրանց ծնողները միահամուռ պնդում են՝ սպորտը կոփում է, սպորտն առողջություն է. Մարզական կյանքը պետք է հնարավորինս շուտ մտնի իր հունի մեջ: