ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր ասուլիսում անդրադարձել է վերջին շրջանում հաճախ հնչող հարցադրումներին, թե երբ կբացվեն ՌԴ օդային սահմանները ՀՀ քաղաքացիների համար:
ԱԳՆ պաշտոնյան ասել է, որ ՀՀ-ն միակողմանի բացել է իր օդային սահմանները, և հիմա ռուս գործընկերների հետ բանակցություն է վարվում ռուսական կողմից ևս մուտքի թույլտվություն ստանալու համար: Այս պահին կան սահմանափակումներ՝ նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:
Ըստ Աննա Նաղդալյանի՝ բացի Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներից, Ռուսաստան օդային ճանապարհով կարող են մեկնել նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ են, խնամակալներ, վավեր փաստաթղթեր ունենալու դեպքում՝ ՌԴ-ում բուժզննում և բուժօգնություն են ստանալու, նաև ունեն ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակ:
Հարցին, թե երբ ամբողջությամբ կբացվեն ՌԴ օդային սահմանները, Աննա Նաղդալյանը դժվարացել է պատասխանել: