Պաշտպանության ոլորտի բարեփոխումների առումով մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց քանի որ Արցախում հաճախ են լինում ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, շտաբի պետը և այլ պաշտոնյաներ, դա փիարի համար չէ, այլ լուրջ աշխատանքներ են իրականացվում: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ամեն օր ամրանում է մեր առաջնագիծը, ամեն օր հզորանում է մեր բանակը, ժամանակը կգա՝ փակագծեր կբացեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի գործունեությանը, լուրերին, թե երկրում երկիշխանություն է հաստատվել, Ա.Հարությունյանը հայտարարեց, որ բացառվում է Արցախում երկիշխանության հաստատումը: Ինչ վերաբերում է անվտանգության խորհրդի գործունեությանը, ապա, ըստ նրա, Խորհրդի աշխատակիցների թվի ավելացման առաջարկը ինքն է արել, Խորհրդին հանձնարարականներ նույնպես ինքն է տալիս: