Սեպտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը:
Մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, Ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ մեր պետական իրավական համակարգում մի նոր կառույց է ձևավորվում, որի շարքերը համալրում են այսօրվա շրջանավարտները: Այդ կապակցությամբ ռեկտորը շնորհավորեց Սրբուհի Գալյանին՝ որպես ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի: «Ես մասնակցել եմ թեկնածուների թե՛ ընտրության, թե՛ մասնագիտական պատրաստման գործընթացին, ինչը հիմք է տալիս հույս հայտնելու, որ նրանք մասնագիտորեն և հոգեպես պատրաստ են ստանձնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնը»,- նշեց ռեկտորը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորեց ներկաներին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի գործնական մեկնարկը տալու համար: «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքները իրացնելու լուրջ և պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»,- նշեց Արթուր Դավթյանը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը տևել է 8 շաբաթ՝ համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ուսուցումն անցկացվել է առցանց:
Դիպլոմների հանձնմանը նվիրված միջոցառումն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: