Իրանի ըմբշամարտի չեմպիոն Նավիդ Աֆկարին մահապատժի կենթարկվի 2018-ին կառավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ իր ունեցած դերակատարման համար՝ հաղորդում է TMZ Sports-ը:
Իրանի Գերագույն դատարանը հաստատել է, որ 27-ամյա մարզիկը՝ մի քանի ազգային մրցաշարերի հաղթողը, ստացել է երկու մահապատժի դատավճիռ: Օրենքով հետապնդվում են նաև Աֆկարի եղբայրները: Նրանց ներկայացվել է 20 տարբեր մեղադրանք, հատկապես՝ ապօրինի հավաքույթներին մասնակցելու, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների և Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու համար:
Նավիդը, սակայն, միակն է, որը ստացել է նման խիստ պատիժ: Մարզիկի եղբայրները դատապարտվել են ազատազրկման և 74 հարվածի: Ի դեպ, 74 հարված կստանա նաև մահապատժի դատապարտված մարզիկը: