Կորոնավիրուսի դեմ պայքարին անգամ քարտեզագրողներն են միացել: Կադաստրի կոմիտեում մի քանի ամիս առաջ ստեղծված գեոմատիկայի կենտրոնն է պարետատանն օգնել կազմելու քարտեզներ՝ վարակակիրների, մեկուսացվածների տեղորոշման համար:
Նավիգատորի հուշարարը մեր՝ կադաստրի քարտեզները չեն: Նաև դրանք են խոստանում մշակել այս ապրիլին բացված գեոմատիկայի կենտրոնում: Կորոնայի թեժ փուլում կառավարության ստեղծած կառույցն առաջինը, պարզվում է, պարետատան պատվերն է կատարել. բժիշկների, ոստիկանության ու ԱԻՆ-ի համար՝ միջինը 20 000 բնակչությանն սպասարկող մի հիվանդանոցի կցելով` երկիրը բաժանել են գոտիների:
Մաշտոց Ավետիսյան, ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ - Հայաստանն ընդհանուր բաժանվել է 119 զոնայի: Եթե լինում էին ինչ-որ բժշկական կենտրոններ, որոնք կարող էին ավելի շատ մարդկանց սպասարկել՝ այդ զոնան ավելի մեծ էր:
Որպեսզի պարետատունը վարակակիրների տեղորոշման քարտեզ ունենար, կարողանար մարդկանց զգուշացնել՝ ուշադիր կոնտակտավորի եք մոտեցել, մասնագետները համակարգչից չեն հեռացել երկու օր՝ գիշեր-ցերեկ: Վիրուսն այնքան արագ էր գրոհում, նաև ամենախիստ կարանտինի անցնելու սցենարն են այդ ժամանակ քարտեզագրել,- անկեղծանում է կենտրոնի ղեկավարը:
Վահագն Մուրադյան, ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար - Այդ սխեման ստեղծել ենք, համատարած լոք-դաուն լինելու դեպքում որ պոստը, որ փողոցը, ով է վերահսկելու, ինչ է լինելու: Այդ սխեման քարտեզագրվել, բազան ստեղծվել է մեզ մոտ:
Ըստ Մուրադյանի՝ քարտեզներից մեկում վարակակիրներին գերեզմանոցում նշելը, ինչից սոցցանցում մեծ աղմուկ բարձրացավ, եղել է սխալ կոորդինատի պատճառով: Հին բազաներում շատ են հասցեների, սահմանների անճշտությունները՝ Կոտայքի Սևաբերդ և Զառ գյուղերի վեճն օրինակ է բերում-բացատրում տիկին էլմիրան:
Էլմիրա Ավետիսյան, ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի Երկրատեղեկատվական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ -Տեսեք՝ արանք է մնացել, երկու համայնքում հող է ավելացել, այսպիսի բան չի կարող լինել իրականում:
Կադաստրային սխալներից որը հնարավոր է՝ օրթոֆոտոներով են ուղղում: Եթե հեռակա չի ստացվում՝ այգի-անտառ- արոտավայրի, նաև շենքերի ու փողոցների գծագիրը համայնք են ուղարկում՝ տվյալները տեղում խմբագրելու: Պրինտերին Ալավերդին է տպվում:
Մաշտոց Ավետիսյան, ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ - Հիմա այստեղ սխալ կա՝ Ալավերդիում մեր մոտի բազայով ցույց է տալիս Զորավար Անդրանիկի պողոտա, փողոց, բայց այդպես չի կարող լինել:
Գեոդեզիստների լեզվով ասած` «կետը կետին նստացնելուց», սխալների ուղղումից հետո է միայն հնարավոր տաքսիստին գրած ճիշտ հասցեն, քաղաքացուն` ամառանոցի ռելիեֆը, բիզնեսին` գործարանի կառուցման վայրին մոտ գազատար-ջրատարը ցույց տվող ազգային պորտալի մշակումը:
Վահագն Մուրադյան, ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար - Մյուս տարի պետք է ունենանք ամբողջ հանրապետության գոնե տվյալների բազան և սկսենք դրանց վերջնական մաքրում-ճշտումը և ազգային պորտալ մուտքագրումը:
Մինչև դա՝ սեղանին կդնեն Ազգային ատլասի ռուսերեն միասնական տարբերակը: