Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ և արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն մեր հայրենիքի և ժողովրդի: Այս խոսքերով սկսեց իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեզնից յուրաքանչյուրը, ամեն մեկս մեր պաշտոնում, մեր աշխատանքում կամ ծառայության մեջ պետք է անենք առավելագույնը, որպեսզի հաջողությամբ լուծենք բոլոր այն՝ հաճախ նույնիսկ անլուծելի թվացող այն խնդիրները, որ դրել ենք մեր առջև, կյանքի կոչենք բոլոր այն հավակնոտ ու անլուծելի թվացող այն խնդիրները ու ծրագրերը, որը նախագծել ենք:
Դրա համար մենք ունենք անհրաժեշտ ներուժ, կամք ու վճռականություն, ունենք մեր ժողովրդի մեծ վստահությունն ու համայն հայության սատարումը: Եվ հենց այդ խորհուրդն է կրում իր մեջ մեր այս հանդիպումը»,- ասաց Արցախի նախագահը՝ հակիրճ անդրադառնալով Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում արված աշխատանքներին:
ԱՀ նախագահի խոսքով՝ պաշտպանության ոլորտում որդեգրվել է «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված հայրենիք» սկզբունքը, որն ամրագրված է 2020-2025 թվականի իր ծրագրում:
«Բանակը եղել և մնալու է մեր գլխավոր նպատակը, մեր գլխավոր խնդիրը»,- հավելեց Հարությունյանը՝ հայտնելով, որ սեպտեմբերի մեկից պահեստազորի բոլոր սպաները, Արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները կարող են արդեն անվճար օգտվել Արցախի և Հայաստանի բուժհաստատությունների ծառայություններից:
«Հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակները գործնականում հաջողությամբ կիրառվում են ԶՈՒ-ում, այդ թվում՝ Արցախում: ՊԲ-ին սննդի մատակարարման գործում ավելացվել է տեղական արտադրության գյուղմթերք: