«Այսօր սեպտեմբերի 2-ն է, ցանկանում եմ շնորհավորել Արցախի մեր գործընկերներին Արցախի Հանրապետության հռչակման կապակցությամբ: Այս տարիիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը՝ կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ստանձնելու միջազգային պարտավորություններ հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման ուղղությամբ»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանի խոսքով՝ Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում և, նախևառաջ, խաղաղ գործընթացում, լիազորել՝ նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ:
«Ցանկանում եմ նշել, որ մենք Արցախի մեր գործընկերների հետ ունենք շատ սերտ համագործակցություն, որն իրականացվում է ՀՀ-ի և Արցախի միջև տարբեր մակարդակներով, և մենք պատրաստակամ ենք ձեռնարկելու շարունակական քայլեր՝ այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Արցախի իրենց գործընկերին՝ այս կարևոր օրվա կապակցությամբ: