Բանակն Արցախի կառավարության առաջնահերթ ուղղությունն է: Պաշտոնավարման 100 օրն է ամփոփել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հիշեցրել՝ պաշտպանության ոլորտում որդեգրվել է «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված հայրենիք» սկզբունքը:
Պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է, իր ձևակերպմամբ, դարի ծրագիրը: Արցախի ղեկավարը վստահեցնում է՝ տեղափոխելով Թարթառի ջրերն Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ՝ ոռոգման տակ կանցնի առնվազն 30 հազար հեկտար տարածք:
«Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» սկբունքով Արցախում տարեկան հազար բնակարան կկառուցվի: Արցախի անվտանգության խորհրդի աշխատակազմի ընդլայնումը տարբեր շրջանակներ ներկայացնում են որպես երկիշխանության հաստատում: Նախագահ Հարությունյանը հերքում է այդ խոսակցությունները:
Արցախում կլինի բարեկարգ կապ` մատչելի սակագնով. այս գիշեր գործարկվելու են նոր կայանները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա օրերին Արցախի հիմնական տարածքում լինելու է 3G համակարգ, իսկ 4G-ն Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում կգործի, հավանաբար, մյուս տարի:
Հունվարի մեկին սպասվում է սակագնի առաջին կտրուկ նվազեցումը, իսկ 2022 թվականից Արցախում կլինի Հայաստանի գներին համապատասխան կապ: