Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ոստիկանության և անձամբ իմ անունից Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, աշխարհասփյուռ հայ ազգին, մեր զինված ուժերին` շարքայինից մինչև նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար, զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին։
Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ՝ համոզված լինելով, որ Արցախի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է։ Արցախի ժողովուրդն իր անկախ ու ազատ պետականությունը կերտել է բազում հայորդիների արյան գնով՝ հայ ժողովրդի պատմության մեջ թողնելով փառապանծ հաղթանակների իր էջը։
Վերստին շնորհավորելով Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ` բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարօրություն։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»,- գրել է նա։