Մինչ Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը շարունակում է աճել Թուրքիայի և Հունաստանի միջև, ՆԱՏՕ-ն, ի դեմս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, շարունակում է հավաստիացնել, որ հնարավոր է հարթել լարվածությունը, և կողմերը կարող են փոխզիջման հասնել: Թերթը նշում է, որ վախենալով կորցնել այնպիսի հզոր դաշնակցի, ինչպիսին Թուրքիան է, դաշինքը չի ցանկանում միջամտել հակամարտությանը: Մինչդեռ Անկարան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ օգտվելով կազմակերպության երկմտանքից ու անօգնականությունից, գրում է պարբերականը:
Մինչ Հյուսիսատլանտյան դաշինքը դանդաղում է որոշակի քայլ կատարելու հարցում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել: Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» վարելու մասին:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Ֆրանսիայի նախագահը մտադիր է «Շառլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված: Ֆրանսիան մտադիր է ավիակիրի հետ Արևելյան Միջերկրական ուղարկել նաև կործանիչներ ու սուզանավեր: