ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավո՜ր Հայրենիքի անկախության 29-րդ տարեդարձը …
Անկախ պետականության կերտումը մեր ամենաթանկ ձեռքբերումն է, որովհետև այն հնարավոր դարձավ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, մեր քաջարի եղբայրների և քույրերի արյան ու կյանքի գնով, մեր ժողովրդի աներկբա հավատով և անսասան կամքի շնորհիվ:
Արցախի ազատ և ինքնիշխան պետականության կերտման տեսլականը համազգային երազանք էր, որն իր շուրջը համախմբեց աշխարհասփյուռ հայությանը՝ կյանքի կոչելով ազգային բաղձանքը. 1991թ. սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն անխախտ հայտ ներկայացրեց աշխարհին՝ ի դերև հանելով հայկական երկրորդ հանրապետության անկախ և ազատ երկիր համարվելու փաստի անառարկելիությունը:
Արժանին մատուցելով բոլոր նրանց, ովքեր մեզ Արցախի անկախ Հանրապետություն են ավանդել՝ մենք պարտավոր ենք ուժ և եռանդ չխնայել այն պահպանելու, զորացնելու և հզորացնելու համար՝ հանուն շեն և բարեկեցիկ Արցախի, հանուն մեր երկրի լուսավոր գալիքի:
Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության տոն օր:
Շնորհավո՛ր ազգային երազանքի իրականացման հերթական տարեդարձ»: