Այսօր մեկնարկում է ամենահին՝ Վենետիկյան կինոփառատոնը: Այն կլինի կինոյի աշխարհում առաջին միջոցառումը համաճարակի սկզբից ի վեր՝ ներկայացնում է Euronews-ը:
Ոսկե առյուծի համար կպայքարի 18 կինոնկար: Ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցի 65 կինոնկար 50 երկրից: Այս տարի միջազգային ժյուրիի նախագահն է հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշեթը:
«Մենք պետք է դուրս գանք տնից, կինո գնանք, նորից լավ ֆիլմեր նկարենք: Կինոն այլևս իրավունք չունի կարանտինում մնալ: Փառատոնը ցույց կտա, որ մենք ի վիճակի ենք կրկին մեծ միջոցառումներ կազմակերպել և կինոթատրոններ այցելել՝ առանց վտանգելու մեր առողջությունը»,- ասել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:
Նրա խոսքով՝ «այս անգամ փառատոնին ավելի քիչ աստղեր կլինեն և ավելի քիչ հմայք»: Դահլիճները կիսով չափ կլցվեն, հյուրերից կպահանջվի դիմակ կրել ինչպես կինոթատրոններում, այնպես էլ դրսում և պահպանել հեռավորությունը, մուտքի մոտ կստուգվի բոլորի ջերմաստիճանը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցները շատ շուտ կհաշտվեն այս միջոցառումներին և կկարողանան վայելել ֆիլմերը, ինչպես հին ժամանակներում: