ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:
Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:
Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ հայ ժողովուրդը»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահը: