Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:
Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, որն անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե, իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում ասաց. «Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է»:
Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են՝ առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխաիլ Իվանով:
Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:
Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: