Ադրբեջանում Ալիևների ընտանիքն իշխանության ղեկին հաստատվել է դեռևս 1960-ներից, երբ Հեյդար Ալիևը զբաղեցնում էր այդ երկրի անվտանգության կոմիտեի, այլ կերպ՝ ԿԳԲ-ի ղեկավարի, ապա ադրբեջանակլան կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնները: Երիտասարդ Իլհամն այդ տարիներին ուսանում էր Մոսկվայի պետական ինստիտուտում և վայելում հոր փողերը: Հետագայում Իլհամ Ալիևը երկար տարիներ աշխատել է Ստամբուլում, իսկ 1991-ին վերադարձել Ադրբեջան՝ արդեն անկախ պետության նախագահի որդու կարգավիճակում:
Մինչև 2003 թվականն Ալիևների ունեցվածքն աճում էր դանդաղ, բայց կայուն տեմպով՝ հասնելով մինչև 500 մլն դոլարի: Դա մի շրջան էր, երբ Ադրբեջանը համարվում էր ամենաաղքատ երկրներից մեկն աշխարհում: Բնակչության աղքատության մակարդակը 2003-ին գերազանցում էր 45%-ը, մինչդեռ կառավարող ընտանիքների՝ Ալիևների և Փաշաևների ունեցվածքն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Նախագահի կարգավիճակում Իլհամ Ալիևն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի նավթային և բանկային ռեսուրսները՝ ստացած եկամուտները մղելով դեպի Պանամայի և Վիրջինյան կղզիների օֆշորային գոտիներ:
«2005-ի փետրվարին Mossack Fonseca-ին «Խիստ կարևոր» կնիքով ուղարկված էլեկտրոնային նամակում նշվում է, որ 6 տարեկան Հեյդար Ալիև կրտսերը՝ նախագահ Իլհամ Ալիևի որդին, տիրապետում է Ata Holding-ի 20%-ին: Նախագահի երկու դուստրերը՝ 19-ամյա Լեյլան և 17-ամյա Արզուն, ունեն 15-ական տոկոս»:
Բրիտանական պարբերականի հիշատակած Mossack Fonseca-ն Պանամայում գործող իրավաբանական ընկերություն է, որի միջոցով են իրականացվում Ալիևների ընտանիքի օֆշորային գործարքները: 2015-ին գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին հաջողվել էր Mossack Fonseca-ից ձեռք բերել 11.5 մլն գաղտնի փաստաթուղթ, որոնցում ֆինանսական զեղծարարությունների մեջ ներքաշված 12 երկրների շարքում առաջին տեղում Ադրբեջանի կառավարող ընտանիքն էր: Դա աղմուկ բարձրացրեց նաև Ադրբեջանում, բայց անմիջապես խլացվեց լրագրողների ու իրավապաշտպանների կալանավորումներով: Ազատություն ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովան դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման, սակայն միջազգային կազմակերպությունների ճնշման տակ ազատ արձակվեց 2016-ի ամռանը: Ադրբեջանցի լրագրողը շարունակեց բարձրաձայնել Ալիևների կլանի կոռուպցիոն հանցանքների մասին:
Խադիջա Իսմայիլովա, ադրբեջանցի լրագրող - Այս երկրում կոռուպցիան կատարվում է անթաքույց: Այդ մասին խոսող լրագրողները ձերբակալվում են և հալածանքների ենթարկվում:
Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրման կենտրոնի, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի և բրիտանական «The Guardian» պարբերականի համատեղ ուսումնասիրություններում նշվում են 26 օֆշորային կազմակերպություններ, որոնց որևէ կերպ ղեկավարում են Ալիևները: The Guardian-ը բացահայտել է, որ Լեյլա և Արզու Ալիևաներին է պատկանում Ադրբեջանի խոշորագույն Pasha Holdingը՝ բանկային, շինարարական, ապահովագրական ընկերություններով հանդերձ: Ալիևի դուստրերը տնօրինում են նաև Ata Holding-ը, Pasha bank-ը, Atabank-ը, Xalqbank-ը, Bank Silkway-ը, Kapital bank-ը, Azenco, Azerbaijan Global Invetsments շինարարական ընկերությունները, որոնց ակտիվները գերազանցում են 5 մլրդ դոլարը:
«Աշխատանքային դժվար ամսվա ավարտին 46-ամյա երկրաբան, երեք երեխաների հայր Ջումշուդ Ասգերլին հուսալքվել է՝ իմանալով, որ չի ստանալու իր հերթական աշխատավարձը՝ ոսկու արդյունահանման խոշոր ընկերությունից: 300 այլ աշխատողների հետ նա ստացել է նամակ, որ վճարումները կհետաձգվեն առնվազն 2 ամիս: Արդեն 2 տարի է անցել, բայց հանքափորները ոչ միայն աշխատավարձ չեն ստացել, այլև նրանց ուղարկել են հարկադիր պարապուրդի՝ վճարումներից խուսափելու համար: Շատերը կորցրել են ամեն ինչ, վաճառել են ունեցվածքը՝ հայտնվելով դժոխային վիճակում»:
Եվրոպայում գործող ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակման մեջ բացահայտվում է, որ Ադրբեջանում հանքարդյունաբերությունը ևս Իլհամ Ալիևի դուստրերի ձեռքին է, որոնք անխնա շահագործում են շարքային քաղաքացիներին ու հաճախ հրաժարվում վճարել հասանելիք չնչին աշխատավարձը: Ալիևների զավակների ֆինանսական բուրգի գլխին կանգնած է 23-ամյա Հեյդար Ալիև կրտսերը: Ամերիկյան «Washington Post»-ի տեղեկություններով՝ Ալիևների ընտանիքին է պատկանում Դուբայի հայտնի Պալմայի կղզու 11 առանձնատուն՝ 75մլն դոլար արժողությամբ: Մի շարք հետաքննություններով բացահայտվել է բազմատեսակ կիրառման անշարժ գույք Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում: Բրիտանական «The Guardian»-ի մեկ այլ հրապարակման համաձայն՝ Ալիևների ընտանիքի ստեղծած գաղտնի հիմնադրամը 3 մլրդ դոլար է ծախսել եվրոպացի քաղաքական որոշ գործիչների կաշառելու նպատակով՝ իրենց օգտին հայտարարություններ անելու, ինչպես նաև հակահայկական կոչերի համար:
«Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը հայտարարել է, որ երկրի բնակչությանը 90.1%-ին կարելի է համարել աղքատ»:
Սա նախկին նախարարի խոստովանությունն է 2017-ին, ինչից հետո նա հեռացվեց պաշտոնից: Հարևան երկրի բնակչության շրջանում դժգոհություններն աճում են սոցիալական անհավասարության, կառավարող ընտանիքի շռայլության և շարքային քաղաքացիների ողբերգական չքավորության ֆոնին: Ռուսական հետաքննական ընկերությունները բացահայտել են, որ վերջին 2 տարիներին Իլհամ Ալիևի որդին խաղատներում պարտվել է ավելի քան 9.5 մլն դոլար:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան