ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում:
Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքահայ մասնագետներ Օնիկ Բայրամյանը, Անդրանիկ Կոստանյանն ու Լուսինե Էլլարյանն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նախարարի տեղակալն է նշել, կարևորում է «Ի գործ» ծրագիրը.
«Հայաստանում պետական կառավարման համակարգի բարեփոխումները, հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո, շատ կարևոր են: Կառավարման արդյունավետության բարձրացումը մեզ համար առաջնային խնդիր է և սփյուռքի ներուժի օգտագործման այս ձևաչափը կարող է օգտակար լինել, հատկապես, որ այժմ մշակվում են ոլորտային զարգացման հեռանկարային ծրագրեր 2020-2025 թվականների համար»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` նախարարության կայքում պարբերաբար տեղադրվող հայտարարությունների միջոցով ԿԳՄՍՆ թիմը համալրվում է նոր մասնագետներով, իսկ սփյուռքի մեր հայրենակիցների ներկայությամբ նաև նոր մտածողություն, աշխատանքային մշակույթ և ոճ կներմուծվի: ԿԳՄՍ նախարարությունն «Ի գործ» ծրագրի շրջանակում նախապես հրավիրել էր 9 մասնագետի, որոնցից 7-ը համաձայնել են գալ Հայաստան, երեքն արդեն այստեղ են և առաջիկայում կանցնեն գործի:
Հայաստան ժամանած մասնագետներից Օնիկ Բայրամյանը, Անդրանիկ Կոստանյանն աշխատելու են կրթության, Լուսինե Էլլարյանը` մշակույթի ոլորտներում: Մասնագետներն հանդիպումներ են ունեցել այն ստորաբաժանումներում, որոնց հետ աշխատելու են: Մշակույթի մասնագետը հանդիպել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ: