Այս շրջանում բավական հարցումներ էինք ստանում, որոնք հիմնականում կապված էին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումներին, մասնավորապես՝ ելքի և մուտքի սահմանափակումներին:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Եվ այս առումով պարզապես մեր պարզաբանումը, որը իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել, այն է, որ ՀՀ կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով մեր քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը:
Այն է՝ մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի և մուտքի արգելքներ այս պահին չեն գործում, իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումները կապված են արդեն տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ներդրված սահմանափակումներից կամ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակից»,- բացատրեց Նաղդալյանը՝ ընդգծելով, որ այդ պայմանները բավական հաճախ փոփոխվում են, անընդհատ թարմացվում: