Վերաքննիչ դատարանը օգոստոսի 28-ին մերժել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի։ Հայցով Արա Մինասյանի ներկայացուցիչները պահանջում էին վերջինիս վերականգնել բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում և անվավեր ճանաչել նախարարի համապատասխան հրամանը։ Այդ մասին
1lurer.am-ը տեղեկացել է «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Մինասյանի ներկայացուցիչները նշել էին, որ վերջինիս «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու իրավական հիմքերը նախարարի հրամանում առկա են եղել, սակայն փաստական հիմքեր չեն եղել: Բացի դրանից՝ ըստ պաշտպանների, Մինասյանի և նախարարության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքի խախտումով։ Անցյալ տարվա հունիսին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր մերժել հայցը, որից հետո Մինասյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչում։
Վերաքննիչ դատարանը՝ Սլավիկ Թորոսյանի նախագահությամբ, եզրահանգել է, որ «Ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը հնարավորություն է տալիս գործադիր ղեկավարի պայմանագիրը վաղաժամկետ լուծել, եթե դա բխում է բաժնետերերի շահերից։ Դատարանը նաև շեշտել է, որ նույն օրենքը թույլ է տալիս «ցանկացած ժամանակ» լուծել տնօրենի հետ պայմանագիրը, ինչն էլ նախարարությունն արել է։ Վերաքննիչը համարել է, որ. «Միանձնյա գործադիր մարմնի լիազորություններն իրականացնող անձը կարող է և պետք է կանխատեսի ընկերության կողմից ցանկացած ժամանակ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը»։
Արա Մինասյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը «Լուրեր»-ին ասաց՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն կարող է գնահատական հնչեցնել։ Հարցին, թե արդյոք Վերաքննիչի որոշումը բողոքարկելո՞ւ են Վճռաբեկ դատարանում, Վարդևանյանը պատասխանեց. «Եկեք դատական ակտը ստանանք, որից հետո կունենանք բողոքարկելու դատավարական ժամկետները, նոր կմեկնաբանենք։ Բավական խրթին հարցեր կան, երբ ավարտական փուլում լինենք, կմեկնաբանենք»։