ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես ասվում է.
«29 տարի առաջ այս օրը մենք ապացուցեցինք մեր ինքնորոշման իրավունքը, հստակեցրինք այն, ինչ ուզում ենք: Ինձ մշտապես հետաքրքրել են մեր պետականության կորստյան հիմնապատճառները, և թե ինչ ազդեցություն է ունեցել այն մեր մտածողության որակի և հոգեկերտվածքի վրա:
Այո՛, պետականության կորուստն ուղիղ և օրգանական կապ ունի մեր ինքնության կառույցի և արժեհամակարգի հետ: Ես հպարտ եմ հայկական երկրորդ պետության ստեղծման 29-ամյա պատմությամբ: Այն ինձ արարչական ուժով է կապում հողին, որը դառնում է իմ արժապատվությունն ու եսը:
Պետականությունը կերտում, պահպանում, հանրահռչակում և պահում են հենց այսպես` հավաքական մտածողության ու կամքի, նվիրումի, անցյալի հետ ամուր կապի, անցյալի, ներկայի ու ապագայի փոխպայմանավորված կոնցեպտի ընկալմամբ։
Արցախի պետականությունն արդեն մեր համազգային ապագան է, մեր համազգային եսն ու ինքնությունը, մեր ինքնապաշտպանությունը։ Պետականությամբ է, որ մենք դառնում ենք վճռական, գաղափարական, մնայուն և բարձր արժեքներ կերտող։ Երեկ ես Թալիշի դպրոցում էի, այսօր կգնամ Խանձաձորի դպրոց և կրկին կզգամ մեր պետության անկախության ու ստեղծագործ աշխատանքի բերկրանքը։
Սահմանապահ դպրոցների ուսուցչությունն ու աշակերտությունը պետականակերտման դասական օրինակներ են և այդ իրողությունը դարձնում են անժխտելի։
Շնորհավո՛ր բոլորիս տոնը։
Փա՜ռք բոլոր ընկածներին, ողջերին ու սահմանապահներին»: