Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Ֆեյսբուքը հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ «Սանիթեքը» վերջնականապես հրաժարվեց սպասարկել քաղաքը: Սա աղբի ճգնաժամի վերջին էտապն էր, արդեն մի քանի շաբաթ անց ոտքի կանգնող ԵԱՍՄ-ն ամբողջովին իրավիճակը վերցրեց վերահսկողության տակ ու քաղաքը վերջնականապես ազատվեց աղբային մղձավանջից:
Այդ նույն օրերին ու դրանից առաջ՝ ամիսներ շարունակ, մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, «Սանիթեքի» հետ ձեն ձենի տված, ամեն կերպ փորձում էին կասկածի տակ դնել քաղաքային իշխանության գործողությունները աղբահանության ռեֆորմի հարցում: Ահռելի մեդիապղպջակներ էին փչվում՝ կասկածի տակ դնելով աղբատար «ԿամԱԶ»-ների ձեռքբերման օրինականությունը, անհարկի բողոքարկումներ էին հրահրվում՝ շաբաթներով ետ գցելով պրոցեսը: Ի վերջո, աղբի խնդիրը լուծվեց, «Սանիթեքը»՝ իր լեցուն աղբամաններով հանդերձ արդեն հեռավոր անցյալում է, բայց մեր սիրելի գործընկերների վարքագիծը՝ իրենց իսկ սանձազերծած «աղբային պատերազմների» ժամանակ, վառ կմնա մեր սրտերում:
Հիմա մոտավորապես նման վիճակի մեջ ենք. քաղաքը ունի տրանսպորտային լուրջ խնդիր, և դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ և այլն:
Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետությունը:
Դրա հետ կապված կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որևէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողությամբ ԱՎՏՈԲՈՒՍ, որոնք պետք է ունենան, մասնավորապես՝
ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ).
սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել.
վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն.
ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ.
կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր.
ցածր հատակ.
հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն.
հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ և այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):
Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետևի ավտոբուսների մատակարարման ընթացքը:
Այո՛, սա աննախադեպ գնում է, որովհետև շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12-մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:
Տրանսպորտային ռեֆորմը Երևանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, և այն վստահաբար կիրագործվի:
Լուսանկարում՝ պայմանական մինիավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել»: