Սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումներ և վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։
Ստուգումներ են իրականացվել Կոմիտասի, Բաղրամյան պողոտաներից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից Երևան մուտք գործող և Երևանից դեպի Արարատի մարզ երթևեկող միջմարզային մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Տաքսիներում խախտումներ չեն արձանագրվել, իսկ ավտոբուսներում և միկրոավտոբուսներում արձանագրվել են գերբեռնվածության, մեկ տասնյակին հասնող դեպքեր:
ՍԱՏՄ-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ «Դվին» հյուրանոցի «Մյուզիք հոլլ» սրահում և «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների թիվը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը: Երկու միջոցառումների կապակցությամբ էլ ՍԱՏՄ տեսուչները կազմել էին արձանագրություններ, որոնց հիման վրա այդ տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով:
Կասեցումներ եղել են նաև մարզերում:
ՇՎՏՄ-ն սեպտեմբերի 1-ին ստուգայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում: Տեսչական մարմնի աշխատակիցները էական խախտումներ չեն արձանագրել:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության խստացված ստուգայցեր իրականացնող խմբերը աշխատել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։
Զբոսայգիներում պարետատան սահմանած նորմերի խախտումներ չեն արձանագրվել։ Տեսուչների կարծիքով՝ վերջին շրջանում քաղաքացիները դարձել են ավելի կանոնապահ ու պատասխանատու:
ԱԱՏՄ տեսուչները մայրաքաղաքում և մարզերում կասեցրել են բջջային կապի օպերատորի գրասենյակի, մի քանի ատամնաբուժարանների և խանութների աշխատանքը: Ավելի վաղ իրականացրած մշտադիտարկումների ժամանակ ԱԱՏՄ տեսուչները նշված ընկերություններում արձանագրել էին խախտումներ: Մասնավորապես, ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները թերի էին լրացվել, նաև բացակայել էին ոտնակով փակվող աղբամանները:
Տեսչական մարմինների ստուգումները կշարունակվեն: