Պայթյունից մեկ օր անց՝ ձեռքն առավ վրձինը, որոշեց առանց պատուհանների բնակարանում գույներ ավելացնել, ծնողների դեմքին ժպիտ տեսնել: Անանուն նկարը 10-ամյա Սերայի 20 գործերից միակն է, նկարել է հավատ, որ ընտանիքը մոռանա և անցյալում թողնի պայթյունն ու հիշողությունները:
Սերան ու ընտանիքի 6 անդամները Երևանում են: Հավատի նկարը Բեյրութում էլ, այստեղ էլ տան միակ լուսավոր անկյունն է: Հայրը՝ Սարգիսը, արհեստավոր է՝ 20 տարվա փորձով: Մուրճը ձեռքը վերցնի, գումար միշտ կաշխատի: Երևանում դեռ չի պատկերացնում՝ ում և ինչպես դիմել, օգնություն չի ուզում, միայն թե աշխատանք ունենա:
Սարգիսի եղբայրը՝ կոշիկի դիզայներ, կինը՝ բուժքույր է: Բեյրութի կենտրոնում ստեղծել էին իրենց անկյունը, գումար էին աշխատում, նաև բարեգործությամբ զբաղվում: Հույսները չեն կորցրել՝ կփորձեն այստեղ էլ նույնը ստեղծել, միայն թե իմանան՝ որտեղից սկսել: Քիչ գումարով են եկել, հազիվ տան վարձը հերիքի՝ 110 000 ամսական:
Կառավարությունը շրջանառության է դրել լիբանանահայերի ինտեգրման փաթեթը: Հայաստանում հարմարվելու գործընթացն արագ և սահուն կազմակերպելու համար՝ փաթեթում սոցիալ - տնտեսական, առողջապահական, կրթական և մի շարք այլ բաղադրիչներ են:
Փաստաթուղթը կազմելիս վերանայվել են նաև գործող ծրագրերը: Ընթացքի մեջ է հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ձևավորումը: Ինտեգրման փաթեթը մշակվել է բազմակողմանի, որպեսզի Լիբանանից հայրենիք վերադարձածները չմտածեն այլ երկրում ապրելու մասին: Վերջին 20 օրում Հայաստան է վերադարձել շուրջ 1000 լիբանանահայ: