ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որն իր ծավալներով աննախադեպ է և ենթադրում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ վերակառուցում՝ հաղորդում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
Այս տարի դռները կբացեն Վանաձորի 7-րդ և Երևանի 153-րդ վերակառուցված դպրոցները, որոնք նախատեսված են համապատասխանաբար 300 և 648 աշակերտի համար, ովքեր վերակառուցումից հետո առաջին անգամ մուտք գործելով սիրելի կրթօջախ` զարմանք ու հիացմունք են ապրելու։
Սեյսմակայունության ապահովումը ծրագրի գերխնդիրն է. սա անտեսանելի, բայց ամենակարևոր առավելությունն է, իսկ տեսանելին հարմարավետությունն է, որ կարևոր է՝ լիարժեք հարմարավետ` նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Լուսավոր դասասենյակներ, հարմարավետ մարզադահլիճ ու միջոցառումների սրահ, վերելակ ու կահույք։ Դպրոցներում ամեն բան նոր է։
Մյուս դպրոցների կառուցումն ու վերակառուցումը սպասել չի տա։ Այսօր ևս երեք դպրոցի շինարարությունն ավարտվել է, ընթանում են շահագործման հանձնելու աշխատանքները, մեկի շինարարությունը կավարտվի այս տարի, վեց դպրոց կառուցման փուլում է, երկուսի մրցույթները կայացել են, ամփոփվում են արդյունքները, մեկի կառուցման համար մրցույթ է հայտարարվել, քսան դպրոցի կառուցման համար էլ իրականացվում են նախագծման աշխատանքներ։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը ենթադրում է մոտ 20 հազար դպրոցականի անվտանգ կրթության ապահովում։ Ընդհանուր բյուջեն կազմում է 107 միլիոն դոլար, որից 20 տոկոսը Կառավարության ներդրումն է, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներն են։