Այսօր առավոտյան ժամը 8:00-ին ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ:
ՍԱՏՄ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչությն և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահին բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:
Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանշանների` խոսքը մեթիլսպիրտից թունավորման մասին է: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկություն:
ՍԱՏՄ-ը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց։