Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում` տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ մանրամասներ ներկայացնելով այսօրվա թունավորման դեպքից:
«2-ը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ:
Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից:
Նշենք, որ բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր:
Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:
Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու նպատակով»,- հայտնել է Ալինա Նիկողոսյանը: