Արարատ Միրզոյանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
«Հարգելի՛ պարոն Թովմասյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ և ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից:
Պարո՛ն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:
Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն և հավերժորեն են փորագրել պատմության մեջ:
Վերստին շնորհավորելով ազատության և անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարո՛ն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն և բարգավաճում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում: