Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը և ցանքատարածքների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում՝ տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։
Ծրագիրը կիրականացվի 2020 և 2021 թվականներին Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։
Ծրագրի շրջանակում առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ 1 կգ սերմի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը կկազմի 70 դրամ։
Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։
Մատակարարները կարող են իրենց արտադրած և/կամ ներմուծված սերմերով, իսկ տնտեսավարողները՝ ներմուծված սերմերով ցանք կատարել ու ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
Ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսավարողներին կտրամադրվի ցորենի մշակության, ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։ Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են սերմ ձեռք բերել միայն Նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։
Սերմերի վաճառքը կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ բացառապես պայմանագրային հիմունքներով (Պայմանագրի օրինակելի ձև)
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։